Ահարոնյան փողոցի ծառերը ապօրինի չեն հատվում, դա մի քանի տարի առաջ տրված թույլտվության սահմաններում է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

All News

by Suren Lazaryan 8 Views comments

Զեյթունի Ահարոնյան փողոցի ծառերն ապօրինի չեն հատվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով բնակիչների ահազանգին, որ նորակառույց շենքի կառուցապատման համար հատվում են առողջ ծառեր:

Նշենք, որ Ահարոնյան փողոցի բնակիչները դիմել են Tert.am-ի խմբագրություն և ահազանգել ծառահատման մասին:

Հակոբ Կարապետյանը պարզաբանեց, որ կառուցապատումն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միության ծրագրով, որը մեկնարկել է մի քանի տարի առաջ& և այդ ծրագրով Ավանում և Զեյթունում երիտասարդ մասնագետների համար բնակարաններ է կառուցում: «Սա այդ ծրագրի հերթական փուլն է, և այս նախագծով նախատեսվում է, որ այդ ծառերը պետք է հատվեն և բնականաբար փոխարենը կառուցապատողը պարտավորվում է իր կառուցապատման տարածքում կանաչապատման զգալի աշխատանքներ իրականացնել: Ծառը այս ընթացքում անվնաս է մնացել, բայց ներկայումս այն փուլին են հասել, որ այլևս չեն կարող չկտրել»,-ասաց նա:

Հարցին, թե մինչ նոր կանաչապատումը ծառերը հատելը չի հակասում քաղաքապետարանի որդեգրած կանաչապատման քաղաքականությանը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ ցանկացած կառուցապատման ժամանակ քաղաքապետարանը դնում է իր պահանջները, որ պետք է կառուցապատման գոտին պատշաճ ձևով կանաչապատվի: «Եթե կառուցապատման գոտում կանաչ տարածք է վնասվում, պետք է վնասը հնարավորինս փոխհատուցվի և փոխհատուցվի վնասի գերապատիկ չափով: Այսինքն՝ ավելի շատ վերականգնվի, քան վնասվել է: Այստեղ մենք կորցնում ենք մեկ ծառ, բայց կառուցապատման արդյունքում ավելի շատ կանաչ տարածք ենք ունենալու, առավելևս կառուցապատման թույլտվությունը տրվել է մի քանի տարի առաջ»,-ասաց նա:

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ներկայումս հնարավորինս այնպես է անում, որ կանաչ տարածքները, առավելևս առողջ ծառերը չվնասվեն: Հարցին, թե այսպիսով՝ անկախ բնակիչների դժգոհությանը այդ ծառերը հատվելու են, քաղաքապետի խոսնակն ասաց, որ դա ոչ թե ապօրինի հատում է, այլ մի քանի տարի առաջ տրված թույլտվության սահմաններում է իրականացվում:

&

Comments