Հայկ Մարությանը գաղափար չունի՝ ինչպես պետք է կառավարել քաղաքը, այդ պոտենցիալը չունի, նա «չի ձգում» քաղաքապետի պաշտոնին. Արմեն Բադալյան

All News

by Suren Lazaryan 2 Views comments

Վարչապետի մակարդակով աղբահանության խնդրին նման կարևորություն տալը ժողովրդական երկրներում նորմալ չէ, բայց Հայաստանի նման երկրում, որտեղ անձնիշխանության համակարգ է ձևավորված, և բոլոր հարցերը լուծվում են վարչապետի մակարդակով, նորմալ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը, որը ներկայացվեց վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ժողովրդավարական նորմալ երկրներում, երբ բոլոր իշխանության մարմինների գործառույթները հստակ են, և յուրաքանչյուրը գիտի՝ ինչ պետք է անի, բնականաբար, և՛ աղբն է ժամանակին մաքրվում, և՛ մնացած գործերն են արվում: Այդ երկրների համար սա նորմալ երևույթ է, բայց ոչ Հայաստանի համար»,- նշեց նա:

Ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը աղբահանության ներկայիս վիճակի համար մեղադրում էր «Սանիտեկ» ընկերությանը և նախորդ իշխանություններին: Նաև քաղաքապետի և վարչապետի կողմից ակնարկներ եղան «Սանիտեկի» ընկերության Հայաստան գալու կասկածելի հանգամանքների վերաբերյալ:

«Երբ որ դու չես կարողանում ոչինչ անել, պատճառաբանում ես տարբեր բաներ՝ նախկին իշխանություններ, վատ եղանակ, բայց ոչ քո գործունեությունը: Իշխանությունը երբ ընտրվում է, չի ընտրվում նրա համար, որպեսզի 1 տարի քննադատի, թե նախկիններն ինչու այս կամ այն գործը լավ չեն արել, այլ իր գործունեությունն է իրականացնում: 1.5 ամսից կլրանա 1 տարին, ինչ Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնում է, և տեսնում ենք, որ որևիցե դրական իմաստով փոփոխություն չկա, բացասականով կա՝ աղբահավաքություն չկա: Բնականաբար, երբ դու չես կարողանում ինչ-որ արդյունք ցույց տալ, դու պետք է պատճառ գտնես: Պատճառ գտնելն ավելի հեշտ է, գցել ամեն ինչ նախորդ իշխանությունների վրա»,- նշեց Արմեն Բադալյանը:

Հարցին, թե ինչու քաղաքային իշխանությունները, քաղաքապետը չեն կարողանում գրեթե 1 տարվա ընթացքում լուծել աղբահանության խնդիրը, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Քաղաքապետը, ժողովրդական լեզվով ասած, «չի ձգում» քաղաքապետի պաշտոնին»:

Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունների ամենակարևոր խնդիրը աղբահանությունը չէ, կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնք անգամ չեն քննարկվում:

«Քաղաքապետ չեն ընտրվում որպես քաղաքի գլխավոր հավաքարար, որպեսզի գան և միայն աղբահանության հարցը լուծեն: Նա քաղաքի զարգացման ծրագիր պետք է ունենա, որտեղ աղբահանությունը շատ փոքր մասն է լինելու: Քաղաքում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան աղբահանության խնդիրն է: Աղբահանությունն ուղղակի տեսանելի խնդիր է, երբ բոլորի բակերում, բոլորի աչքի առաջ աղբի կույտեր են, դա տեսանելի է, բայց կան շատ ավելի լուրջ խնդիրներ՝ տնտեսության զարգացման խնդիրը, տրանսպորտի, համատիրությունների, կանաչապատման հարցերը: Այդ ուղղություններով ընդհանրապես որևէ գործողություն չի կատարվում:

Մենք տեսնում ենք, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ քաղաքապետը քաղաքի զարգացման ծրագիր չունի: Ինչպես երևում է, քաղաքապետը և իշխող քաղաքական ուժը դրանից գաղափար չունեն՝ ինչպես պետք է կառավարել քաղաքը, հատկապես մայրաքաղաքը: Նա այդ պոտենցիալը չունի, ուղղակի վարչապետը ժամանակին հարմար գտավ, որ հենց այդ անձը պետք է լինի քաղաքապետ, և հենց նա էլ դարձավ»,- եզրափակեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

Comments