Իմ պատկերացմամբ՝ հաջորդ խորհրդարանում որևէ ուժ չի կարողանալու մեծամասնություն ձևավորել. Էդմոն Մարուքյան

All News

by Suren Lazaryan 3 Views comments

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Azatutyun.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին, որ եթե այս կիրակի լիներ ընտրություններ, ապա ԼՀԿ-ն չէր լինի առաջին եռյակում, ասաց, որ նույն հարցումը արվել է նաև ընտրությունների ժամանակ, սակայն արդյունքում իրենք 6,8 տոկոս ձայն են ստացել:

«Կուսակցության ռեյտինգը տուժել է ընտրություններից հետո այլանդակ հակաքարոզչության արդյունքում»,-ասաց նա և նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր ամենափոքր ռեսուրսներ ունեցող քաղաքական միավորն է:

Նա նկատեց, որ իշխանությունը, ինչպես նաև «ԲՀԿ»-ն, «ՀՀԿ-ն», «ՀՅԴ»-ն բոլորը ունեն հեռուստաընկերություններ: «Մեր ամբողջ հենքը ժողովրդական է, մենք պաշտոններ չենք տվել մարդկանց, հեռուստաընկերություն չունենք և դրան գումարած մենք սարսափելի հակաքարոզչության տակ ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ովքեր են հակաքարոզչության պատվիրատուն, նա պատասխանեց`ո՞վ իմանա: Չնայած դրան, նա նկատեց, որ վերջին շրջանում այդ հակաքարոզչությունը թուլացել է: Ըստ նրա՝ հակաքարոզչությունը վնասել է իրենց: Ինչ վերաբերում է նրան, որ ըստ հարցման արդյունքների՝ երրորդ տեղում ՀՀԿ-ն է, Մարուքյանն ասաց, որ նախկինում ՀՀԿ-ն ստացել է 4,7 տոկոս ձայն և հիմա հարցմամբ աճել է ռեյտինգը:

«Նախընտրական շրջանն է շատ որոշիչ և ովքեր գլուխ կգովան, որ ռեյտինգ ունեն, թող մի քաղաքում ընտրության մասնակցեն: Չկա աշխարհում իշխող միավոր, որ ընտրություններից հետո չկորցնի ձայները: Մարդիկ ունենում են սարսափելի բարձր ակնկալիքներ, դրանք սկսում են չիրականացվել և վարկանիշը գնալով նվազում է»,-ասաց նա: Ըստ Մարուքյանի` կան տրամաբանական և անտրամաբանական դժգոհություններ:

«Իմ պատկերացմամբ՝ հաջորդ խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն չի կարողանալու ձևավորել: Խորհրդարանական կառավարման երկրներում հիմնականում չի ստացվում մի ուժի կողմից ձևավորել քաղաքական մեծամասնություն, և դա է հենց ժողովրդավարությունը»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք ամենավատ իրավիճակում են գտնվում, որովհետև իշխանության հետ ամենաշատը ասոցացված ուժն են և հասկացվածության խնդիր կա. այս իմաստով ՀՀԿ-ն ավելի հասկանալի է: «ՀՀԿ-ն չի կարող ժողովրդավարական համակարգ պահանջել Նիկոլից, քանի որ նա է ապականել»,-հավելեց Մարուքյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ի կադրերի մեծ մասը դեռևս շարունակում են աշխատել, նրանք ծպտված ՀՀԿ-ականներ են, այսինքն՝ եթե ընտրություններ լինեն, ընտրելու են ՀՀԿ-ին:

«Մինչև մյուս ընտրություններ այն ՀՀԿ-ն, որ այսօր այս ռեսուրսներով կա, չի լինելու: Իշխանության դանդաղկոտություն, անսկզբունքայնություն ասեմ,& թե ինչ, բայց տարբեր բաներ կան, որոնք հնարավորություն են տալիս այդ ուժին աճելու, բայց մյուս խորհրդարանում (ՀՀԿ/խմբ.) հայտնվելը չեմ բացառում, դրանում ահավոր բան էլ չեմ տեսնում»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ եթե իր առաջնորդների կազմը շուտ փոխեր, ՀՀԿ-ն գուցե անցներ խորհրդարան, միևնույն ժամանակ չբացառեց, որ գուցե չեն ուզել անցնել:

Comments