Իրանն ընդգծում է, որ Պարսից ծոցն իր շահերի տիրույթում գտնվող տարածք է, և ինքն է տնօրինելու այդ շրջանում տեղի ունեցող զարգացումները․ Արմեն Իսրայելյան

All News

by Suren Lazaryan 5 Views comments

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Իրանի կողմից բրիտանական նավերը կանգնեցնելու քայլը զուտ քարոզչական նպատակ է հետապնդում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այն համալրում է տեղեկատվական պատերազմի գործողությունների շրջանակը:

«Կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր միջոցներով ճնշում գործադրել․ Իրանն& իր հասարակության շրջանում է փորձում տպավորություն ստեղծել, որ ի զորու են դիմակայել ցանկացած ոտնձգության, հակառակ կողմը՝ Միացյալ Նահանգներն& էլ, փորձում է տարբեր գործողություններով դաշնակիցներ ձևավորել Պարսից ծոցի տարածաշրջանում այն երկրների շարքում, որոնք Իրանի նկատմամբ ունեն մտահոգություններ և հակված են հակաիրանական դաշինքում ընդգրկվելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա կողմերի ձեռնարկած քայլերը միայն մարտավարական գործողություններ են՝ յուրաքանչյուրը փորձում է ազդել մյուս կողմի նյարդերի վրա:

«Բայց դրանք նոր գործարկվող սցենարներ չեն: Պարբերաբար նմանատիպ սցենարների ականատեսը նախկինում էլ եղել ենք»,-շեշտեց իրանագետը:

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել էր կանգնեցնել բրիտանական լցանավը: Աղբյուրի համաձայն՝ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս էր եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց:

Նախնական տվյալներով՝ Իսլամական& հեղափոխության պահապանների& կորպուսի անդամները հետապնդելով՝ հասել են նավին, հրամայել փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան՝ բրիտանական կողմը պահանջել էր, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել:

Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիա-Իրան հարաբերություններում նման միջադեպ գրանցվել է նաև տարիներ առաջ, երբ Իրանի նախագահը դեռ Մահմուդ Ահմադինեժադն էր:

«Այդ ժամանակ Իրանը հայտարարեց, որ իր ծովային ջրերում ձերբակալել է բրիտանացի նավաստիների: Վերջիններս մի քանի օր պահվեցին Իրանում, այնուհետև, որպես բարի կամքի դրսևորում, ազատ արձակվեցին: Նույնիսկ բրիտանացիներն էին խոսում, որ իրենց շատ լավ էին վերաբերվում Իրանում: Դա հնարավորինս շատ լավ քարոզչական նպատակներով օգտագործվեց Իրանի կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ բրիտանական նավերը կանգնեցնելու քայլն էլ քարոզչական նպատակ ուներ: Նման քարոզչական մեթոդներով, Արմեն Իսրայելյանի նկատառմամբ, Իրանը փորձում է նաև իր հասարակությանը համախմբել:

Նրա խոսքով, դժվար է հիմա կանխատեսելը,& թե ինչ իրավիճակ կստեղծվի Պարսից ծոցում, արդյոք այն այնքան կսրվի՞, որ ի վերջո, Իրանը փակի Հորմուզի նեղուցը:

«Ամեն դեպքում, Իրանի պարագայում շատ քիչ եմ հավանական համարում, որ կտրուկ գործողություններ լինեն, ռազմական գործողություններ լինեն: Հորմուզի նեղուցը փակելն արդեն վերջին խաղաքարտը կլինի Իրանի համար. կդիմի նման քայլի, երբ այլ միջոցներ չունենա: Դա խնդիրներ կառաջացնի նաև հարևան երկրների հետ»,- ասաց նա:

Իրանական կողմի նման սպառնալիքները, ըստ Արմեն Իսրայելյանի, նաև գործիք են ընդգծելու, թե ինչ ռազմավարական կարևորություն ունի Պարսից ծոցը և որ այն գտնվում է Իրանի վերահսկողության ներքո:

«Սա, առաջին հերթին, կարծում եմ, ուղղված է Պարսից ծոցի տարածաշրջանի այն երկրներին, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, որը Պարսից ծոցի 3 կղզիների պատկանելության հետ կապված խնդիրներ ունի Իրանի հետ: Իրանը փորձում է իր դիրքերն ամրապնդել՝ նշելով, որ իր շահերի տիրույթում գտնվող տարածք է, և ինքն է տնօրինելու այդ շրջանում տեղի ունեցող զարգացումները»,- ասաց Իսրայելյանը:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններում նկատվող փոխզիջումների, կողմերի՝ բանակցությունների գնալու բացակայությանը՝ իրանագետը նշեց, որ իրանական կողմն այս շրջանում բացահայտ չի հայտարարի ԱՄՆ-ի հետ բանակցություններ գնալու մասին: Հիմա, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, երբ ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից է դուրս եկել, անհնար է, որ Իրանը բացահայտ խոսի բանակցություններից:

«Բայց դա չի նշանակում, որ կողմերը միջնորդավորված բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն անցկացնի»,-ասաց նա՝ օրինակ բերելով Ճապոնիայի վարչապետի այցը Իրան»:

«Ես վստահ եմ, որ ինչ-որ գործընթացներ պարբերաբար կլինեն: Որքան էլ և՛ ամերիկյան, և՛ իրանական կողմը ռազմատենչ հայտարարություններ հնչեցնեն, այնուամենայնիվ, փորձելու են, եթե չասենք համագործակցել, ապա գոնե ճշտել միմյանց մոտեցումները»,-ասաց նա:

Իրանագետը, որպես նախադեպ՝ օրինակ բերեց տասնամյակ առաջ տեղի ունեցածը, երբ լարված էին երկու երկրների միջև հարաբերությունները․Իրաքում անվտանգություն հաստատելու հարցում նրանց միջև ուղիղ և անուղղակի բանակցություններ տեղի ունեցան:

«Նույն Օմանի, այլ երկրների միջնորդությամբ նման գործընթացներ տեղի են ունեցել: Կարծում եմ, որ նմանատիպ խորհրդակցություններ կամ պայմանավորվածություններ հիմա էլ կլինեն»,- ասաց նա:

&

Comments