Հայաստանը մրցունակության զեկույցում մեկ կետով բարելավել է դիրքը

Financial & Banks

by Suren Lazaryan 13 Views comments

«2019թ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն՝ Հայաստանը մեկ կետով բարելավել է դիրքը՝ զբաղեցնելով 69-րդ տեղը 141 երկրների շարքում:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Զեկույցը մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից եւ հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) եւ Ղրղզստանը (1 կետ):

Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով:

Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) եւ Ուկրաինան (2 կետ):

Ռուսաստանը պահպանել է 2018թ. դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։

Աշխատուժի շուկա հենասյունով Հայաստանը գրանցել է լավագույն ցուցանիշը եւ զբաղեցնում է 32-րդ տեղը 141 երկրների մեջ։ Լավագույն միավոր գրանցվել է առողջապահության հենասյան համար (80.7 միավոր 100-ից)։ Վատագույն արդյունքներն ըստ տեղի եւ միավորի գրանցվել է շուկայի չափ հենասյունով։

«Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնում նշել են, որ գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը (որպես տոկոս շահույթի նկատմամբ), մասնավոր հատվածի վարկավորման ՀՆԱ նկատմամբ մակարդակը եւ դրա աճի միտումը, բնակչության էլեկտրաֆիկացման մակարդակը, օտարերկրյա աշխատուժի աշխատանքի ընդունման դյուրինությունը եւ բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։

Մրցակցային թերությունների շարքում շարունակում են մնալ սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, կապիտալի շուկայի զարգացածության ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում եւ մոտակա նավահանգստում մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Հայաստանի ուշագրավ թերություններից է նաեւ գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ցուցանիշը, որով Հայաստանը 120-րդն է 141 երկրների մեջ։

Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն եւ Ֆինանսական համակարգ հենասյուներում։

- Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին՝ այն դեռեւս չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։

- Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային եւ օդային տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության եւ ապահով խմելու ջրի հասանելիության ցուցանիշները։

- Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով եւ պետական պարտքի փոփոխության դրական միտումով։

- Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի եւ՛ խորության, եւ՛ կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման եւ վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։

«Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների եւ ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը եւ բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին եւ արագ փոփոխություններին պատրաստ եւ համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ»,- նշել են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնում։

2019թ. զեկույցի արդյունքներով առաջատար երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ-ն, Հոնկոնգը, Նիդեռլանդները եւ Շվեյցարիան:

Comments